Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության տարեդարձի առթիվ:

Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության եւ հաջողության բարեմաղթանքներս:

Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման եւ ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը:

Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարեւորություն եմ տալիս Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարեկամական հարաբերություններին եւ համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել նաեւ այն կարեւորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին:

Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալելու` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով:

Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում: