39-ամյա Ֆրաչեսկո Նիտրան, ով ազդեցիկ կալաբրիական «Նդրանգետա» մաֆիայի անդամ եւ 10 ամենավտանգավոր հանցագործների թվում է, ուրբաթ օրը ձերբակալվել է Հոլանդիայում: Նրա ձերբակալման գործողությունը իրականացվել է հոլանդացի ոստիկանների կողմից, ովքեր իտալացի գործընկերներից նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ էին ստացել:
Ֆրանչեսկո Նիտրան հայրենիքում սպանությունների, մաֆիոզ գործունեության համար դատապարտվել էր ցմահ բանտարկության. նա սերում է Նիտրա-Ստրանջո «ընտանիքից»: Այդ կլանը վաղեմի թշնամություն ունի մրցակից Պելլե-Վոտարիի «ընտանիքի» հետ: Երկուսն էլ Կալաբրիայի մարզի փոքր Սան-Լուկա բնակավայրից են, որը «Նդրանգետայի» միջնաբերդն է:
Կլանային պատերազմը սկսվել է դեռ 1990-ական թթ.-ի սկզբին Սան-Լուկայի սուրբ հովանավորի պատվին տոնակատարության ժամանակ: Վերջին ակտը 2007թ.-ին գերմանական Դույսբուրգ քաղաքում երիտասարդ իտալացիների գնդակահարությունն էր: Վերջիններս Պելլե-Վոտարիի ընտանիքի անդամներ էին, որոնց մահը վրեժխնդրություն էր Նիտրա-Ստրանջո ընտանիքի կողմից՝ իր ղեկավար Ջովանի Լուկա Նիտրայի մահափորձի համար, որի ժամանակ 2006թ.-ի Ամանորին մահացել էր նրա կին Մարի Ստրանջոն: Վրեժխնդրության ջերմեռանդ նախաձեռնողը նրա 32-ամյա եղբայր Ջովանի Ստրանջոն էր, ով ամենահետախուզվող 30 հանցագործներից մեկն է: Նրան ձերբակալել էին 2009թ.ին Ամստերդամում եւ սպանդի մյուս մասնակիցների հետ դատապարտել ցմահ բանտարկության, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վերջինը ձերբակալել են Ֆրանչեսկո Նիտրային, ով անմիջական մասնակցություն Դեյսբուրգի կոտորածին չի ունեցել, սակայն մասնակցել է այլ սպանությունների ու հարձակումների:
«Նդրանգետա» Իտալիայի ամենաազդեցիկ ու հարուստ հանցավոր խմբավորում էր, որը միշտ մնում էր ստվերում «օմերտայի» շնորհիվ(լռության եւ շրջանաձեւ աջակցության կանոնադրություն): Հենց Դույսբուրգի միջադեպից հետո խմբավորումն իրեն բացահայտեց: Կալաբրիական մաֆիան վաղուց անցել է տարածաշրջանային սահմանները: «Նդրանգետան» վերահսկում է, մասնավորապես, Հարավային Ամերիկայից Իտալիա եւ Եվրոպա կոկաին թմրանյութի ապօրինի ներկրումը:





























