Եվրոպան պետք է վերադառնա աճելու ու ընդլայնվելու գաղափարին  եւ Ուկրաինային ու Թուրքիային Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն ընձեռի: Այս մասին Յալթայի եվրոպական ռազմավարության 10-րդ ամենամյա հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար եւ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշը:

«Եվրոպան պետք է վերադառնա նրան, ինչն իր մոտ լավ է ստացում` աճելու ու ընդլայնվելու գաղափարին: Եվրոպային այսօր անհրաժեշտ է մի կողմ թողնել նախապաշարումները, ընդունել նոր, դինամիկ զարգացող երկրների, ինչպիսիք են Ուկրաինան եւ Թուրքիան: Նրանք պետք է դառնան այդ գլոբալ ծրագրի լիիրավ անդամներ», - Բաղըշի խոսքերն է մեջբերում rbc.ua-ը:

Թուրք նախարարի խոսքով` Եվրամիությունը Եվրոպայի ժողովուրդներին, որոնք դարերով թշնամիներ էին, հնարավորություն տվեց ապրել ու աշխատել միասին: Եվ այժմ Եվրոպան պետք է ինտեգրացիոն գործընթացների նոր փուլ թեւակոխի:

«Ֆրանսիացիները, գերմանացիները, բելգիացիները թշնամիներ էին, մարտնչում էին միմյանց դեմ: Իսկ այժմ նրանք կարողանում են ապրել միասին: Եվրամիությունը մարդկության խոշորագույն ծրագիրն է», - ասել է նա: