Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարության ֆոնի վրա մյուս հայտարարություններն անցան երկրորդ պլան կամ հայտնվեցին ստվերում: Սակայն առաջին ցնցումից հետո հասկանալի դարձավ, որ ամեն բան փոխկապակցված է՝ հայտարարված, բայց կյանքի չկոչված առաջնահերթությունները մեզ հենց այդտեղ էլ պիտի հասցնեին:
«Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է»,- այս հեղափոխա-նորարարական հայտարարությունը արել է Արցախում մեր ղեկավարներից մեկը: Եւ պարզ չէ, թե ինչ նկատի ուներ. այն, որ մեր լավագույն ուսանողները մարտնչում են իսկական ճակատում, թե այն, որ Հայաստանից «արտահոսած ուղեղները» աշխարհի տարբեր ծայրերում խոսքի մեջ կարող են պատմել գործընկերներին, որ ինչ-որ տեղ Արցախ կա։
Մեկ այլ ծեծված ճշմարտություն մեզ հրամցվեց հերթական ձեւական միջոցառման ժամանակ, այն է՝ հանդիպումը լավագույն աշակերտների եւ ուսանողների հետ (ուսանողների, որոնց Հայաստանը հատուկ պատրաստում է այլ երկրների համար, դա նախարարն է ասել, ոչ թե ես): «Կրթությունը մեր երկրի առավել կարեւոր առաջնահերթություններից մեկն է», - հայտարարվեց մեզ,եւ հայրենիքի համար հպարտությամբ ազդարարվեց, որ առարկայական օլիմպիադաներում մեր 11 մեդալը ավելին է, քան Վրաստանինն ու Ադրբեջանինը միասին վերցրած: Երբեմն որպես դպրոցական դաս սերտած մեր ղեկավարության ելույթներն իրենց ճշտությամբ այնքան ճղճիմ են, որ ապշում ես, թե ինչպես կարելի է անընդհատ ճիշտ բաներ ասել , բայց հակառակն անել։
Այսպես ուրեմն, քանի դեռ մերոնք իրենց հեղափոխա-նորարարական ճշմարտություններն էին արտաբերում, ճակատի մյուս կողմում գիտական աստիճանի հավելավճարները կրկնապատկելու վերաբերյալ հրամանագիր ստորագրվեց: Ինչ-որ մեկը հիշու՞մ է, որ Ադրբեջանի նախագահը գիտությունը առաջնահերթություն հայտարարած լինի: Նա միայն մեկ առաջնահերթություն ունի՝ լուծել Հայաստանի եւ Արցախի հարցը: Եւ հենց այդ առաջնահերթությունն էլ նա ձգտում է իրագործել:
Սակայն այս խնդրում «լուրջ անհանգստանալ» պետք չէ. մեր ռազմավարական դաշնակիցն ամեն բանի մասին հոգ կտանի, իսկ որպեսզի հոգ տանելու քիչ բան մնա, ողջ աշխատուժը այստեղից կուղարկենք Ռուսաստան, ողջ մտավորականությունը կսփռենք աշխարհով մեկ: Չէ որ նախարարը դեռ անցած տարի էր ասում. պետք չէ անհանգստանալ, որ մեր երիտասարդ գիտնականները մեկնում են երկրից։ Դրսում նրանք մարդավայել կապրեն, իսկ այստեղ ինչ ունեն անելու…Եթե մեր վերջնական նպատակն այն է, որպեսզի նրանք հեռանան ու մարդավայել ապրեն, ապա հեղափոխա-նորարարական հայտարարությունների, առաջնահերթություններ սահմանելու ի՞նչ կարիք կա։ Ի՞նչ է, առանց այդ ամենի նրանք դուրս գալու ճանապարհը չեն գտնի՞:
Կամ ահա մեկ ուրիշ բան. քանի դեռ մենք Եվրոպա էինք գնում, գիտության զարգացման ռազմավարության մեջ կողմնորոշիչ էր գիտության ֆինանսավորման եվրոպական միջին չաթանիշը (ՀՆԱ-ի տոկոսը): Եվրոպա այդպես էլ չհասանք, էլ ուր մնաց եվրոպական չափանիշներին: Այժմ, պետք է ենթադրել, որ փութանակի պիտի փոխենք մեր կողմնորոշումը առ ռուսաստանա-ղազախստանա-բելառուսական միջին չափանիշը։ Սակայն, պիտի հիասթափեցնեմ, որ դրանից էլ դեռ շատ ու շատ հեռու ենք։
Ակամայից գալիս ես եզրահանգման, որ ի հավելումն գրված եւ չիրագործված առաջնահերթությունների, գոյություն չունեցող գիտելիքահեն տնտեսության, որպես դպրոցական դաս սերտած մեր ղեկավարության ելույթների կարելի էր ստանալ միայն առանց մաքսատների անհեթեթ Մաքսային միություն, իսկ բոլոր ճղճիմ ճշմարտություններից կարող էր հաղթանակել միայն մեկը (եւ այն էլ մեկ այլ տեղ գրվածը)՝ Երեւանը ռուսական երկաթուղու փակուղին է։
Անահիտ Սարգսյան




























