Լրատվամիջոցներում եպիսկոպոսաց ժողովի մասին ժլատ տեղեկություններից դատելով՝ հայկական եկեղեցիների միջեւ անջրպետը կարող է խորանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթում հստակ երեւում է նրա վերաբերմունքը Առաջնորդանիստ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այն դեպքում, երբ այդ մոտեցումը պետք է վերաբերեր հայերի կյանքում հայկական եկեղեցու առաքելությանը: «Սակայն անհայտ է՝ քննարկվում է այդ հարցը, թե ոչ: Եպիսկոպոսաց ժողովի օրակարգը բավական խրթին է, օրինակ՝ Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի շարքը դասելը: Որքանով ինձ հայտնի է, այդ հարցը բարձրացրել են երկու կաթողիկոսները, սակայն անհայտ է՝ քննարկվե՞լ է այն, թե՞ որոշումն առանց քննարկումների է կայացվել», - նշել է Խառատյանը:
Ազգագրագետը նաեւ կարծիք է հայտնել, որ եպիսկոպոսաց ժողովը պետք է անդրադառնա այնպիսի բարդ հարցերի, որ դժվար է միանշանակ ասել՝ կծառայի՞ այն հայկական եկեղեցիների միավորմանը, թե՞ կխորացնի դրանց միջեւ անջրպետը:
Անդրադառնալով երկու եկեղեցիների միջեւ պառակտման պատմությանը՝ Խառատյանը նշել է, որ այն ծագել է դեռեւս այն ժամանակ, երբ 1923թ. Հայաստանում հայ գրող Ակսել Բակունցի նախաձեռնությամբ կայացավ ՀՅԴ լիկվիդատորների համագումարը, ինչից հետո արտերկրում գտնվող ՀՅԴ անդամները սկսեցին համախմբվել Մեծի Տանն Կիլիկիո թեմի շուրջ, քանի որ Առաջնորդանիստ Սուրբ Էջմիածնի թեմը պետք է սատարեր Խորհրդային Միության դիրքորոշումը ՀՅԴ հանդեպ:
Միաժամանակ, ՀՅԴ-ն դարձավ ազդեցիկ կուսակցություն այն երկրներում, որտեղ կային Մեծի Տանն Կիլիկիո թեմեր: Ու թեեւ ժամանակի ընթացքում կուսակցական տարաձայնությունները հարթվեցին, սակայն եկեղեցիների միջեւ անջրպետը մնաց, եւ կաթողիկոսները սկսեցին անվստահությամբ վերաբերվել միմյանց գործունեությանը:
Խառատյանի խոսքով՝ անջրպետը կարող էր հաղթահարվել Գարեգին Ա կաթողիկոսի օրոք՝ անկախ Հայաստանում. «Չի բացառվում, որ Գարեգին Ա կաթողիկոսի օրոք անջրպետը կարող էր զգալի մեղմանալ, սակայն նա երկար չապրեց: Դրանից հետո՝ նախորդ դարի 90-ականներին, երկու եկեղեցիների միավորման հնարավորությունը ոչ միայն կորսվեց, այլեւ նրանց հարաբերությունները կրկին սառեցին: Թեեւ այդ մասին չեն խոսում, բայց երկու եկեղեցիների միջեւ անջրպետը խորանում է»:





























