Ֆրանսիական դպրոցներում «թուրք աշակերտների շոուն» շարունակվում է: Դեռ ամիսներ առաջ էր, որ Ֆրանսիայի դպրոցներից մեկի թուրք աշակերտը հերքել էր Հայոց ցեղասպանությունը եւ միայն ներողություն խնդրելուց հետո էր վերականգնվել դպրոց: Եւ ահա հերթական խեղկատակությունը, այս անգամ ֆրանսիական Ստրասբուրգի միջնակարգ դպրոցներից մեկում:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` օրեր առաջ դպրոցի երգեցողության դասաժամին ուսուցիչ Դանիել Էլբազը դասի ժամանակ երգել է հայազի մեծ երաժիշտ Շարլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը, որից հետո բաժանել է երգի բառերը եւ Ցեղասպանության մասին պատմող մեկ էջանոց տեքստ: Աշակերտները կարդացել են տեքստը, այնուհետ ուսուցիչը կես ժամ պատմել է, թե ինչպես են թուրքերը իրականացրել ցեղասպանությունը եւ նշել, որ Թուրքիան առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու չի կարող մտնել Եվրամիություն: Դասարանի միակ թուրք աշակերտ 14-ամյա Էդանուրը դեմ է դուրս եկել ուսուցչի ասածներին, ինչպես նաեւ պնդել է, որ Թուրքիայի ԵՄ չմտնելու պատճառը Հայոց ցեղասպանությունը չէ, այլ այն, որ Թուրքիան մահմեդական երկիր է: Ուսուցիչը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք է, եւ խիստ նկատողություն է արել թուրք աշակերտին:
Zaman-ի թղթակցի հետ զրուցած թուրք աշակերտի հայրը իր անհանգստություն է հայտնել, որ դեռեւս չափահաս տարիքի չհասած՝ իր որդուն երգեցողության դասաժամին, ծրագրից դուրս, միակողմանի հիմքերի վրա պատմություն են ուսուցանում: Ուսուցչի բաժանած մեկ էջանոց տեքստում նշվում է, որ Թուրքիայում հայերի նկատմամբ առաջին ցեղասպանությունը իրականացվել է Աբդուլ Համիդի օրոք` 1894-1896 թվականներին, իսկ երկրորդը` 1915-ին, որի ընթացքում զոհվել է 1.5 միլիոն հայ: Բացի այդ, արեւելյան տարածքներում կենդանի մնացած 200 հազար հայերին ռուսական բանակն է փրկել, իսկ մնացած երեխաների մեծ մասին ուղարկել են իսլամական դպրոցներ, որտեղ նրանք բռնի մահմեդականացվել են: Թուրքերը չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայում 1915-ի իրադարձությունները Ցեղասպանություն նկարագրողներին կալանք է սպասվում,-գրված է եղել հիշյալ մեկ էջանոց տեքստում:



























