Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունում որեւէ մեկը հաղթի, հենց հակամարտությունն է նրա նպատակը, քանի որ այն ազգերին թույլ չի տալիս անկախանալ եւ արգելափակում է նրանց մուտքը ԵՄ: Այս մասին հայտարարել է Վրաստանի հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ում վերջին անգամ ելույթ ունենալիս: Սահակաշվիլին նշել է, որ ուժեղ պետությունները` նախկին խորհրդային հանրապետություններ Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանին ձեռնտու չեն:
«Դուք կարծում եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթի՞ Ադրբեջանի դեմ հակամարտությունում: Ոչ: Դա Հայաստանին բավականին ուժեղ կդարձնի եւ ավելի անկախ: Կամ էլ կարծում եք` Մոսկվան ցանկանում է, որպեսզի Բաքո՞ւն հաղթի Երեւանին: Ոչ, նրանք չեն ցանկանում, որ որեւէ մեկը հաղթի, հենց հակամարտությունն էլ նրանց նպատակն է, քանի որ այն խանգարում է ազգերի անկախությանը եւ արգելափակում է նրանց ԵՄ-ին անդամակցելը», - ասել է Սահակաշվիլին:
Սահակաշվիլին հայտնել է, որ «Եվրասիական միության գաղափարը ստեղծվել է Վլադիմիր Պուտինի կողմից` որպես ԵՄ-ի այլընտրանք եւ իր նախագահական ժամկետի հիմնական ծրագիրն է»: «Եվրասիական միությունը հիմնվում է ԵՄ-ի սկզբունքներին հակասող սկզբունքների վրա: Այն սնվում է անհանդուրժողականությամբ, այն գլխավորում են ԿԳԲ-ի նախկին գործակալները, նրա նպատակն է վերածնել հին կայսրությունը: Գաղութ դառնալը շատ հեշտ է: Միակ պահանջը պասիվությունը եւ միջակությունն է», - Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»:
Նա նախազգուշացրել է, որ Վրաստանում եւ ԽՍՀՄ նախկին երկրներում աշխատում են «Ռուսաստանի խոսափողները», որոնք փորձոմ են սեւացնել ԵՄ-ն եւ նրա արժեքները:
Ըստ Սահակաշվիլիի` նվաճված ազգերը պետք է համախմբվեն եւ ցույց չտան իրենց թուլությունը: «Միասնությունը մեր օրենքը պետք է լինի Արեւելյան Եվրոպայում, այդ թվում նաեւ՝Կովկասում», – ասել է նախագահ Սահակաշվիլին:





























