ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը Մեն նահանգի երկու բնակչուհիների նույնասեռ ամուսնության ժամանակ ստանձնել է վկայի դերը: Ջորջ Բուշ ավագի եւ նրա կին Բարբարայի ներկայությունը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած հարսանիքին հաստատել է նախկին նախագահի մամուլի ծառայությունը:

Բոնի Քլիմենթի եւ Հելեն Թորգալսենի միջեւ ամուսնությունը գրանցվել է սեպտեմբերի 21-ին, տեղի քաղաքապետարանում: Թորգալսենը հարսանիքի լուսանկարը տեղադրել է Facebook-ի իր էջում, որտեղ Բուշը որպես ստորագրում է ամուսնության փաստաթուղթը՝  որպես վկա, հաղորդում է Lenta.ru-ն:

Ամուսնությունը գրանցելուց հետո ամուսինները մեկնել են ամուսնական ճանապարհորդության եւ հետաքրքրված լրագրողներին չի հաջողվել լուսանկարի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նրանցից:

Սակայն Քլիմենթի ու Թորգալսենի ամուսնությունից մի քանի օր անց Ջորջ Բուշ ավագի մամուլի ծառայությունը հաստատել է լուսանկարի իսկությունը: ԱՄՆ նախկին նախագահի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ հարսանիքին Բուշը եւ նրա տիկինը մասնակցել են որպես մասնավոր անձինք եւ ընտանիքի բարեկամներ: