Թալիշ ժողովուրդը երազում է սեփական ազգային պետություն կառուցելու մասին, ինչի իրականացմանն է ուղղված Թալիշական ազգային շարժումը։ Այս մասին, սեպտեմբերի 25-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է կարճատեւ այցով Ստեփանակերտ ժամանած Թալիշական ազգային շարժման առաջնորդ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովը (Հումմաթզոդա):
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան ուղեկցել է Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագիտության Կովկասյան կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ եւ թալիշ ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությանը։ Երկուստեք ափսոսանքով նշվել է, որ նախնյաց թողած այդ բարի ավանդույթները վերջին տասնամյակներում հայտնի պատճառներով գրեթե մոռացության են մատնվել։
Ա. Հումմաթովի խոսքով՝ ինքը եւ իր շատ հայրենակիցներ ուշադրությամբ հետեւում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձեռքբերումներին անկախ պետականության կառուցման ճանապարհին, ինչի համար նա շնորհավորել է Արցախի խորհրդարանի նախագահին։
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։





























