ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագիր է ստորագրել, որը կոչված է սահմանել սովորական սպառազինության գործարքների ստանդարտները, որոնց ամենամյա շրջանառությունը գնահատվում է 70 մլրդ դոլար: Պաշտոնական արարողությունը կայացել է համաշխարհային կազմակերպության նյույորքյան գրասենյակում:

Նախքան ստորագրելը Քերրին հայտարարել է, որ Պայմանագիրը թույլ կտա նվազեցնել այն ռիսկերը, որոնք կապված են սովորական սպառազինությամբ աշխարհում կատարվող ամենածանր հանցագործությունների հետ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ավելի ուշ հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագրին միանալու որոշում չի կայացրել:

Ըստ Ռյաբկովի՝ պայմանագրում ամրագրված ստանդարտները ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համակարգում եղածներից ցածր են:

Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ստորագրել էր այս տարվա ապրիլի 3-ին. դրա օգտին քվեարկել էին 154 պետություններ. Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Սիրիան դեմ էին եղել, 23 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ձեռնպահ էին մնացել: Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրան միանան 50 պետություններ: