Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը հաղորդագրություն էր Արեւմուտքի համար, որն աջակցել էր Քենիային զորքերը Սոմալի մտցնելիս: Դրա արդյունքում բազմաթիվ մահմեդականներ էին զոհվել:  Այս մասին հայտարարել է սոմալիական ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորման ղեկավար Ահմեդ Աբդի Գոդանը:

Քենիայի ժողովրդին դիմելով՝ նա կոչ է արել այդ երկրին իր զորքերը դուրս բերել Սոմալիից: Հակառակ դեպքում քենիական հողի վրա «պետք է նոր արյունալի սպանդ ակնկալել», հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Քենիան զորքերը Սոմալի է մտցրել 2011-ին՝ հարեւան երկրի իշխանություններին «Աշ-Շաբաբի» դեմ պայքարելու համար աջակցություն ցուցաբերելու:

Հիշեցնենք, որ ծայրահեղական զինյալները սեպտեմբերի 21-ին հարձակվել էին Նայրոբիի առեւտրի կենտրոնի այցելուների վրա: Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ արտասահմանցիներ են սպանվել, մոտ 200 մարդու հաջողվել է փրկել, նրանցից շատերը վիրավոր են: