Հայաստանի արվեստի գործիչները իրենց խորին ցավն են արտահայտել Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Սոս Սարգսյանի կյանքից հեռանալու կապակցությամբ:  Մեծ դերասանը մահացել է երեկ՝ սեպտեմբերի 26-ին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ, հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց այն կիսատության զգացցողությունը, որը պատճառել էր նրան Սոս Սարգսյանի մահը.

«Ինձ համար շատ դժվար է առաջին օրը խոսել այդ մասին, դատողություններ անել եւ պատմել, բայց կարող եմ ասել, որ շատ մարդկանց մեծ ցավ պատճառեց այդ… Թվում էր, թե շատ երիտասարդ չէ, բայց երիտասարդ էր, թվում էր, թե շատ բան էր արել, թողել, բայց կիսատ մնացած ինչ-որ մի բան կա: Թվում էր, թե բավականին իմաստություն էր բաժանել ե'ւ երիտասարդներին, ե'ւ աշակերտներին, բայց ամեն ինչ կիսատ մնաց: Ինչ-որ կիսատության զգացողություն կա մեջս, եւ մեր հարաբերությունների մեջ եւս չասված ինչ-որ մի բան էր մնացել: Նրա տեսակը այդպիսինն էր՝ իմաստուն: Թվում էր, թե ամեն ինչ հասցրեց, ամեն ինչ խոսեց, ամեն ինչ թողեց, բայց կիսատ մնաց: Իմ կարծիքով, կիսատ մնաց, որովհետեւ ժամանակից շուտ հիվանդացավ, ժամանակից շուտ հուսահատվեց, ժամանակից շուտ թուլացան իր ուժերը կամ ինչ եղավ, չհասկացա: Որովհետեւ իրեն ամրությանը, մտքի ամրությանը նայելով՝ պետք է որ երկար ապրեր: Ես չէի ուզենա պատմել ո'չ կինոյի, ո'չ էլ թատրոնի մասին: Այդ մեծ ազգային կորստի մասին կուզեի, որ ասվեր: Այս գիշեր հետեւում էի արձագանքներին, նրանից հետո երբ նա մահացավ… Սկսած Ռուսաստանից, Ամերիկայից՝ հիմնականում հայ մարդիկ եւ ռուսներ, որոնք աշխատել էին նրա հետ Տարկովսկու խմբից, մարդիկ, ովքեր իրեն մասին ֆիլմ էին նկարել, նրանց թվում էր, թե պետք է կրկին ֆիլմ նկարեն նրա մասին, որովհետեւ իրենց մոտ այնպիսի խոսակցություն էր, որ ինչ-որ բան կիսատ մնաց: Վերջնական եզրահանգման չեկանք մեր փիլիսոփայության, կամ մեր սիրո, կամ մեր հարգանքի, կամ մեր ապագա պատմության համար: Ինձ մոտ էլ այնպիսի զգացողություն է, որ վերջնակետ, վերջին խոսք չխոսեցինք, մեր վերջին հանդիպումը տեղի չունեցավ… Իր հետ կապված ամեն մեկն ինչ-որ մի սպասում, ծրագիր կամ երազած մի բան ուներ», - ասել էր ռեժիսորը:

Իր հրաժեշտի խոսքը «Shine On: Letter to Sos Sargsyan» անվանմամբ անգլերեն լեզվով բաց նամակի տեսքով Մեծ Դերասանին ուղղել է նրա ուսանոցներից մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող ռեժիսոր Էրիկ Նազարյանը, ում ֆիլմում Վարպետն այդպես էլ չհասցրեց նկարահանվել:

«Դուք եղել եք ուսուցիչ, պապ, պատմիչ, բայց միշտ հասարակ մարդ: Դու Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության կենդանի մարմնավորումն եք եղել: Դուք մեծ Զինվոր էիք եւ լուռ  խաղաղ անձնավորություն, ով կարող էր երգել փոթորկի պես: Դուք մեզ համար հայկական կինոյի դեմքն էիք: Այսօր Դուք հասնում եք այն տանը, որտեղ Ձեզ ողջունում է Ֆրունզիկի ժպիտը…»,- գրել է նա:

«Փլվեց, մեր թատերարվեստի երկինքն էլ փլվեց… Չկա ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ, մեր պապը, մեր Վարպետը… Որբացանք… Մեր մտավորականության խիղճը հեռացավ…», - գրել է թատերագետ Լեւոն Մութաֆյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սոս Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, նրա մոտ հայտնաբերվել էր թոքերի բորբոքում։ Վարպետը նույնիսկ իր 83-րդ տարեդարձն էր հիվանդանոցում նշել, այցելել էին բազմաթիվ պաշտոնյաններ, հյուրեր։

Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երեւան եւ աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։

1954 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։

1997-2006թթ. Եղել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում եւ ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։