Մտավորականությունը պետք է դառնա ԱՊՀ երկրների միջեւ հումանիտար համագործակցության առաջատար ուժը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն, արտակարգ ու լիազոր դեսպան, ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանը: Խոսելով Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների գիտական ու ստեղծագործ մտավորականության VIII համաժողովի եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մասին, Արմեն Սմբատյանը նշել է, որ համատեղ աշխատանքը շատ հետաքրքիր է, սակայն անհրաժեշտ են փոխգործակցության նոր, ավելի ժամանակակից ձեւեր. «Թե ինչ տեսք պետք է ունենա համագործակցությունը, դեռ դժվարանում եմ ասել, սակայն դա պետք է լինի ավելի ժամանակակից»: «Ուրախալի է, որ ԱՊՀ երկրներում բնակչության կրթված մասը շատ նուրբ եւ բարի վերաբերմունք ունի այլ երկրների ներկայացուցիչների հանդեպ, դա շատ արժեքավոր է: Մեր շրջանում չկան առաջին երկրորդ կարգի քաղաքացիներ, չկա սեւ ու սպիտակ, մենք ունենք ընդհանուր շահեր: Եվ դա բավական շատ է: Այս հարմար իրավիճակը կարող է հիմք լինել «ապագայ տեսլականի» համար, ինչի համար մենք բոլորս անում ենք այս ամենը անել, ինչի համար հավաքվում ենք», - ասել է Սմբատյանը՝ հիշեցնելով, որ երկիրը չի կարող միայնակ լիարժեք զարգանալ: «Ես համոզված եմ, որ տեղական փակ գիտությունը եւ մշակույթը չեն կարող զարգանալ: Դա աքսիոմա է: Ընդհակառակը, մենք պետք է հետաքրքվենք, տեսնենք, թե ինչպես են ապրում եւ զարգանում մեր հարեւանները: Այդպիսով մեր աշխարհը կդառնա ավելի հարուստ ու զարգացած: Սա շարունակական գործընթաց է: Աշխարհը փոխվում է, զարգանում են հարաբերությունները», - համարում է Սմբատյանը: Ընդ որում Արմեն Սմբատյանը կոչ է արել երկրների միջեւ հարաբերությունները դիտել պրագմատիկ տեսանկյունից: «Հարցն այն է, հետաքրքիր է, թե՝ ոչ: Ոչ ոքի չեն ստիպում մասնակցել: Մեզ հետաքրքիր է: Իսկ երբ հետաքրքիր է, մարդիկ շփում են փնտրում: Սա պրագմատիկ հետաքրքրություն է: Սա հաշվարկով ամուսնություն է»: Միաժամանակ նա ընդգծել է մտավորականության մասնակցության կարեւորությունը հումանիտար բնագավառում համագործակցության զարգացման մեջ: «Կրթված մարդիկ իրենց երկրներում պետք է շատ բան որոշեն: Այդպիսի մարդիկ շարունակում են պահանջված լինել: Այդ են վկայում նմանատիպ հանդիպումները: Պետք է, որ մեր խոսքը հասնի բարձրագույն ղեկավարությանը, իսկ մեր խորհրդատվությունը պահանջված լինի»: