Նոր մանրամասներ Նայրոբիում տեղի ունեցածի վերաբերյալ. ահաբեկիչները տանջել են իրենց պատանդներին: Այդ մասին են վկայում տուժածներին հետազոտած քենիացի բժշկի ցուցմունքները: Նրա խոսքով իսլամիստները հանել են իրենց պատանդների աչքերը, կտրել մատները:
Դրա հետ միասին այսօր հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ գրոհայիններին ձերբակալության ժամանակ քենիական հատուկ ծառայությունները օգտագործել են արցունքաբեր գազ: Ինչպես պատմել է Քենիայի պաշտպանության նախկին նախարարի որդի Աբդուլ Յուսուֆ Հաջին, ով գրավման ժամանակ առեւտրի կենտրոնում է գտնվել, հատուկ ջոկատայինները կատարում էին ահաբեկիչներին անվնաս ձերբակալելու հրամանը, հաղորդում է Life News-ը:
Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, քենիացի քննիչները հայտնաբերել են ավտոմեքենա, որով, ենթադրաբար, տեղաշարժվել են Նայրոբիում առեւտրի կենտորնը գրաված ահաբեկիչները: Այժմ ոստիկանները պարզում են մեքենայիսեփականատիրոջ անձը: Հետաքննությունը վարում են ոչ միայն քենիացի, այլ նաեւ օտարերկրյա մասնագետները: Մասնավորապես, Նայրոբիում այժմ աշխատում են քննիչներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից ու Կանադայից:
Բարձրաստիճան քենիացի աղբյուրը հաղորդել է, որ չի բացառվում ահաբեկիչների մի մասի փախուստը առեւտրի կենտրոնից այն ժամանակ, երբ տեղահանում էին առեւտրի կենտրոնում գտնվող մարդկանց :
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ զինված մարդիկ ներխուժել են Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գտնվող Westgate առեւտրի կենտրոն եւ կրակ են արձակել այցելուների եւ հաճախորդների ուղղությամբ: Պաշտոնական տվյալներով ահաբեկչության հետեւանքով զոհվել է 67 մարդ, 63-ը համարվում են անհետ կորած: Արդյունքում պատանդներին ազատ են արձակել, 5 գրոհայիններ չեզոքացվել են, 11-ը՝ ձերբակալվել:





























