Քալիֆորնիական Գլենդել քաղաքից երկու հայ դեռահասներ եզրափակիչ փուլ անցած այն 80 հոգու թվում են, որոնք ընտրվել են 2013 թ.-ի հոկտեմբերին Նյու-Յորքում համաամերիկյան դպրոցական կինոփառատոնին մասնակցելու համար: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Արթին Հարությունյանցի եւ Արիս Եղիազարյանի կողմից ստեղծված ֆիլմերը ընտրվել են կարճամետրաժ 1000 ֆիլմերից, որոնք ներկայացվել են դեռահասների կողմից ողջ աշխարհից: Ֆիլմերը կցուցադրվեն Թայմս-սքվերում հոկտեմբերի 4-ին, իսկ դրանք կդատեն ու կգնահատեն դերասաններ ու ռեժիսորներ, ինչպես օրինակ Հենրի Ուինքլերը, Դիաբլո Կոդին, Դիլան Մաքդերմոթը եւ Քրիստեն Սթյուարթը:

18-ամյա Հարությունյանցն իր ֆիլմը նկարահանել է անցյալ տարի, երբ միջնակարգ դպրոցի աշակերտ էր: «Երեք աստիճան» ֆիլմը մարդու մասին, ով իր երազներում բանալի է փնտրում: Այդ որոնումը իրենից ներկայացնում է նրա՝ իրական կյանքում ճշմարտության խորհրդանշական որոնումը:

Եղիազարյանը ներկայացրել է «Մարդասպանների պայքարը» կարճամետրաժ ֆիլմը, որը երկու երիտասարդների պայքարի մասին է: Ինչպես մեկնաբանում է պատանին, նա ֆիլմը հաճույքի համար է նկարահանել, դպրոցական հանձնարարություններից դուրս: Երբ նա ֆիլմը ցույց է տվել կինեմատոգրաֆիայի իր ուսուցչուհուն, նա խորհուրդ է տվել ֆիլմը ներկայացնել փառատոնին: