ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի առաջին ատյանի դատարանն օրինականացրել է նույնասեռականների ամուսնությունները:
Դատարանը որոշել է, որ նույնասեռական զույգերին թույլատրվող  «քաղաքացիական միությունները»  խտրականություն են, քանի որ հնարավորություն չեն տալիս  նպաստ ստանալ դաշնային բյուջեից:

Դատարանն իր վճիռը կայացրել է` հիմնվելով ԱՄՆ-ի Գերագոյն դատարանի որոշման վրա, որը հունիսին ոչ սահմանադրական էր ճանաչել Ամուսնության պաշտպանության դաշնային օրենքի դրույթը (Defense of Marriage Act, DOMA): Այն նույնասեռական զույգերին զրկում էր հետերոսեռական զույգերին տրամադրվող դաշնային նպաստներից, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով CNN-ը:

Ըստ դատարանի որոշման` Նյու Ջերսիում ամուսնություններն օրինական են ճանաչվելու հոկտեմբերի 21-ից: Սակայն նահանգապետի աշխատակազմն արդեն հայտնել է դատարանի վճիռը բողոքարկելու իր մտրադրության մասին, որի պատճառով էլ ժամկետը կարող է հետաձգվել:

Ներկայումս նույնասեռ ամուսնությունները  օրինականացված են ԱՄՆ-ի 13 նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի շրջանում: