Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես է եկել գիտության ֆինանսավորման մասին օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կարճ քննարկումից հետո նրան առաջարկել են օրինագիծը հետ վերցնել, ասելով, որ կառավարությունն այժմ մշակում է «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» նոր օրենք, եւ Բագրատյանի առաջարկությունները կարող են քննարկվել այդ շրջանակներում։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարոն Բագրատյանը պարզաբանեց, որ իր հեղինակած «2013 - 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» օրինագծի հիմնական առաջարկը հետեւյալն է. գիտության ֆինանսավորումը առաջիկա տարում պետք է կազմի ՀՆԱ-ի 1%-ը, հետագայում այն պետք է ամեն տարի ավելանա 0,1%-ով, եւ 5 տարում պետք է հասցվի մինչեւ ՀՆԱ-ի 1,5%-ը։ Դիցուք, 2014 թվականի համար գիտության ֆինանսավորումը պետք է կազմի 2012-ի (քանի որ 2013 ցուցանիշը մենք առայժմ չգիտենք) ՀՆԱ-ի 1%-ը, իսկ 2015-ին՝ 2013-ի ՀՆԱ-ի արդեն 1,1%-ը եւ այդպես մինչեւ 1,5%-ին հասնելը։

«Հանձնաժողովի անդամներն ասացին, որ օրինագիծն իրենց դուր է գալիս, բայց մտավախություն կա, որ եթե հիմա դնեն քվեարկության, ապա չի ընդունվի։ Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ հիմա կողմ չէ, բայց հետո ասաց, որ առաջարկությունը լավն է։ Հետո որոշվեց, որ քանի որ այժմ քննարկվում է երկու օրինագիծ՝ «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին», իմ օրինագծի դրույթները փորձենք տեղափոխել այդ նոր օրենքի մեջ», - ասաց Բագրատյանն ու հավելեց, որ ինքը համաձայնվեց, եւ օրինագիծը ԱԺ-ից հետ վերցրեց։ «Թող չստացվի այնպես, թե մենք չենք համաձայնվում համագործակցել։ Ես բացարձակ վստահ եմ, որ օրենքը ճիշտ է։ Եթե ասում են, որ շանս կա, որ այդտեղ մտնի, թող այդտեղ մտնի», - ասաց նա։

Ինչ վերաբերում է այն բանին, որ Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը նույն քննարկման ժամանակ շեշտել է, թե գիտության բնագավառի ծախսը պետք է լինի ՀՆԱ-ի 1%-ից ոչ պակաս, եւ իր առաջարկության ու այս պնդման միջեւ առանձնապես հակասություն չկա, Բագրատյանը պարզաբանեց, որ «այդ ոչ պակասը» դարձել է ողբերգություն. «Ընդհանրապես այդ հատակային սահմանները վատ պրակտիկ կիրառում են միշտ գտնում։ Եթե ասվում է. մարդուն տալ 200 գրամից ոչ պակաս հաց, դա նշանակում է, որ մարդուն անընդհատ 200 գրամ են տալու»։ Ինքը Բագրատյանը առաջարկում է օրենքով հստակ սահմանել, թե ինչքան գումար է տրվելու գիտությանը։

Անահիտ Սարգսյան