Ռուսաստանի Պետդումայի «Гербовый» սրահում մարտի 23-ին կայացել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ով ողջունել է հայ խորհրդարանականներին եւ նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովը կատարել է լուրջ աշխատանքներ երկու խորհրդարանների արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու հարցում:
Հայկական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը տեղեկացրել է միջխորհրդարանական հանձնաժողովի անցյալ որոշումների կատարման մասին: Անդրադառնալով միջազգային հարթակներում հայ եւ ռուս պատգամավորների համագործակցությանը` նա գոհունակություն է հայտնել արձանագրված առաջընթացի վերաբերյալ, խոսել է նաեւ երկու կողմերի տնտեսական համագործակցության մասին:
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող երկուստեք կարեւորություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:


























