Սաուդյան Արաբիայում դատարանը մահմեդական քարոզիչ Ֆայհան ալ-Համդիին ութ տարվա ազատազրկման եւ մտրակի 800 հարվածի է դատապարտել՝ իր հնգամյա դստեր բռնաբարության եւ սպանության համար, հայտնում է Agence France-Presse-ը:
Համդին նաեւ պետք է մեկ միլիոն սաուդյան ռիալ (270 հազար դոլար) փոխհատուցում վճարի աղջկա մորը՝ իր նախկին կնոջը: Այդ վճարումը նա պարտավոր է կատարել ըստ շարիաթի օրենքների՝ կնոջ կողմից ամուսնուն մահապատիժը չպահանջելու դիմաց: Աղջկա մայրն ավելի վաղ պահանջել էր 10 միլիոն դոլար:
Համդիի հետ դատապարտվել է նաեւ նրա երկրորդ կինը, որը հանցագործության մեղսակից է ճանաչվել, քանի որ այդ մասին չէր հայտնել իրավապահ մարմիններին, գրում է Gulf News-ը: Նա դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման եւ մտրակի 150 հարվածի:
Համդիի հնգամյա դուստրը հիվանդանոց էր տեղափոխվել 2011թ. դեկտեմբերին՝ բազմաթիվ վնասվածքներով: Մի քանի ամիս անց նա մահացել էր: Աղջկան բազմիցս բռնաբարել եւ դաժանաբար ծեծել էին: Կոտրված էին եղել նրա կողոսկրերը եւ ձախ ձեռքը, մարմնի վրա եղել էին այրվածքների բազմաթիվ հետքեր: Ըստ իրավապաշտպանների՝ հոր գործողությունների պատճառը եղել էր այն, որ վերջինս կասկածել էր, թե հնգամյա դուստրը կորցրել է կուսությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Սաուդյան Արաբիայում բռնաբարության եւ սպանության համար մահապատիժ է հասնում, սակայն այդ օրենքը չի տարածվում ամուսինների եւ հայրերի վրա: Սեփական դստրերի կամ կանանց նկատմամբ գործած նման հանցանքի համար տղամարդիկ կարող են ստանալ 5-12 տարվա ազատազրկում:




























