Հինգ բանտարկյալներ դատի են տվել կանադական Էդմոնտոնի խիստ ռեժիմի դաշնային բանտի բանտապահներին: Նրանք պնդում են, որ նրանք պարբերաբար ծաղրել են իրենց՝ թքելով եւ իրենց բնական կարիքները հոգալով բանտարկյալների սնունդի մեջ: Բացի այդ, բանտարկյալները պարբերաբար ծեծի են ենթարկվել եւ մասնակցել ներքին «գլադիատորական» մարտերի:

Հայցվորները պնդում են, որ 2011-ին բանտապահները հրահրել են բատային երկու կլանների բախում եւ հնարավորություն տվել նրանց հարաբերություններ պարզաբանել՝ դանակների կիրառմամբ: Այդ ժամանակ կռվի մասնակիցներից երկուսը դանակահարել էին միմյանց, ինչի արդյունքում մեկը զոհվել էր: Այս մասին հաղորդում է The Globe and Mail-ը:

Անգամ այդ դեպքից հետո բանտապահները շարունակել են միմյանց դեմ տրամադրել բանտարկյալներին: Օրինակ, նրանք լուրեր էին տարածել, որ բանտարկյալներից մեկը ճաղերի հետեւում է հայտնվել փոքրահասակների բռնաբարելու համար: Արդյունքում՝ նրա հետ նույն բանտախցում բանտարկվածները քանիցս ծեծի են ենթարկել նրան:

Բանտարկյալները փորձել են իրենց ուժերով պայքարել ծաղրանքների դեմ, սակայն ապարդյուն: Հուսահատվելով՝ նրանք դատարան են դիմել: Բանտարկյալներից մեկի փաստաբանը հույս է հայտնել, որ հայցեր ներկայացնելու համարձակություն կունենան նաեւ այդ բանտի մյուս տուժողները: