Հնդկական Ագրա քաղաքի ոստիկանությունը գործ է հարուցել «Միսս Տիեզերք- 2012» մրցույթի հաղթող ամերիկուհի Օլիվիա Կալպոյի դեմ այն բանի համար, որ վերջինս առանց թույլտվության Թաջ-Մահալի տարածքում գովազդային նկարահանումներ է անցկացրել:
Ինչպես NDTV հեռուստաալիքին հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը, կիրակի Կապլոն լուսանկարվել է «Դիանայի նստարանի» (բրիտանական արքայադուստր Դիանայի պատվին, ով 1992թ.-ին այցելել էր այն) առջեւ գտնվող դամբարանին կից այգում նստած եւ կոշիկներ գովազդելիս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, աղջիկը կոշիկը նստարանին է դրել, ինչն արգելվում է: Հնագիտական վարչության հայցով հարուցված գործն ուղղված է նաեւ դիզայներ Սանջանա Ջոնի դեմ, ով ուղեկցում էր Կապլոյին: Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք ստիպված կլինեն տուգանք վճարել: Սակայն ոչ միշտ է գործը դատարան հասնում:
«Միսս Տիեզերք» մրցույթը կազմակերպող ընկերությունն արդեն ներողություն է խնդրել «Հնդկաստանի ժողովրդից՝ «Միսս Տիեզերք» Օլիվիա Կապլոյի պահվածքի համար»:




























