Նոր նավաբեկություն Միջերկրական ծովում. զոհվել է հիսուն մարդ:

Իտալական ANSA գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ զոհերի մեջ կան կանայք եւ 10 երեխա: BBC News-ը, վկայակոչելով Մալթայի վարչապետին, հայտնում է, որ առայժմ հաստատվել է 27 մարդու մահը:  Նավաբեկության վայրից հաջողվել է տարհանել 200 մարդու: Նրանց տեղափոխել են Սիցիլիայի հիվանդանոց:

Նավում  եղել են 250 միգրանտներ, նավը շրջվել էր հոկտեմբերի 11-ին`Լամպեդուզայից 100կմ եւ Մալթայից 110կմ հեռավորության վրա, միջազգային ջրերում, որոնք գտնվում են Մալթայի վերահսկողության տակ, հայտնում է lenta.ru-ն:
Նավն սկսել էր սուզվել, երբ մարդիկ հավաքվել էին մի տախտակամածի մոտ: Այդպիսով նրանք փորձել էին իրենց վրա հրավիրել թռչող օդանավի ուշադրությունը, քանի որ նավի վրա խնդիրներ էին առաջացել:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 3-ին, Լամպեդուզայի ափերի մոտ խորտակվել էր 500 փախստականների տեղափոխող նավը: Այն սկզբում բռնկվել էր, իսկ հետո խորտակվել: Հաջողվել էր փրկել 155 մարդու: