Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Նյու Յորքում. 58-ամյա Միշել Պիեռի բնակարանում զուգարանակոնքը պայթել է, երբ վերջինս քաշել է ջուրը: Տղամարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել:
Դեպքը կատարվել է հոկտեմբերի 2-ին: Այդ օրը Պիեռի բնակված շենքում պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով անջատել էին ջրամատակարարումը: Երբ ջրամատակարարումը վերականգնվել է, Պիեռը մտել է զուգարան՝ ստուգելու, թե արդյոք զուգարանակոնքի բաքում ջուր հավաքվո՞ւմ է: Երբ տղամարդը փորձել է քաշել ջուրը, պայթյուն է որոտացել, եւ Միշելը կորցրել է գիտակցությունը: Ուշքի գալով՝ տուժածը ոտքերին, ձեռքերին եւ դեմքին բազմաթիվ վերքեր ու կտրվածքներ է հայտնաբերել: Նրան հիվանդանոց են տեղափոխել եւ մոտ 30 կար դրել:
Daily News-ին շենքի սպասարկող ընկերության փաստաբանը բացատրել է, որ երբ ջուրն անջատել են, ճնշումը օդային պղպջակ է գոյացրել, որը բարձրացել է խողովակով եւ պայթյունի պատճառ դարձել:
Միշել Պիեռի փաստաբանն այժմ դատական հայց է նախապատրաստում այդ ընկերության դեմ՝ բարոյական եւ ֆիզիկական վնասի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























