Ամերիկացի գիտնական, Աստվածաշնչի տեսաբան Ջոզեֆ Էթվիլի վարկածով՝ քրիստոնեությունը պետական հմուտ քարոզչության արգասիք էր: Հաջորդ շաբաթ «Կայսրի Մեսիան. Հիսուսի հնարման հռոմեական դավադրություն»(Caesar`s Messiah: The Roman Conspiracy to Invent Jesus) գրքի հեղինակը հանդես կգա Լոնդոնում, գրում է The Independent-ը:
Էթվիլը կներկայացնի իր տեսությունը, համաձայն որի` Նոր Կտակարանը գրվել է 1-ին դարում հռոմեացի արիստոկրատների կողմից, որոնք ամբողջությամբ հորինել են Հիսուս Քրիստոսի պատմությունը:
Պարբերականը մեջբերում է իր կայքում գրառած Էթվիլի խոսքերը. «Քրիստոնեությունը կարող է դավանանք համարվել, սակայն իրականում այն մշակվել ու կիրառվել էր որպես ուղեղների վերահսկողության համակարգ, որ ստրուկներին համոզեն, թե իրենց ստրկությունը Աստծո կամքն է»:
Ինչպես նշում է Էթվիլը, հռոմեացիները, ովքեր հոգնել էին «Մեսիա-զինվորի» սպասող հրեական աղանդների խռովություններից, դիմեցին հոգեբանական պատերազմին: Նրանք ստեղծեցին մրցակից դավանանք՝ «խաղաղ Մեսիայի» մասին պատմությունը, որը կոչ արեց «դեմ տալ երկրորդ այտն» ու վճարել հարկերը:
Էթվիլն ասում է, որ հայտնագործություն է կատարել, երբ ուսումնասիրել է Նոր Կտակարանը Հովսեփ Ֆլավիոսի «Հրեական պատերազմներին» զուգահեռ: Էթվիլի խոսքով՝ «իրադարձությունների հաջորդականությունն ու Հիսուսի քարոզի վայրերը քիչ թե շատ համընկնում են Հովսեփի նկարագրած Տիտոս Ֆլավիոսի ռազմական գործողությունների վայրերին ու իրադարձությունների հաջորդականությանը»: Էթվիլը եզրափակում է, որ Հիսուսի կենսագրությունը կառուցված է «ավելի վաղ պատմությունների հիման վրա, սակայն հատկապես հռոմեացի կայսրերից մեկի կենսագրության հիման վրա»:




























