Չիլիում թափառող շներից կազմված ծառայողական շների ստորաբաժանում են ստեղծել:
Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մոտ գտնվող Մայպու քաղաքի իշխանությունները: «Այդ լքված եւ դժբախտ կենդանիները համապատասխան վարժեցում ստանալուց հետո պատրաստ են փողոց վերադառնալ, սակայն արդեն հանցավորության դեմ պայքարելու համար: Այդպիսով մենք կոտրել ենք այն առասպելը, որ նման ոչ ազնվացեղ շները վարժեցման ենթակա չեն», - հայտարարել է քաղաքապետ Կրիստիան Վիտորին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղի իշխանությունների այդ գաղափարը մի քանի նպատակ է հետապնդում: Մի կողմից, քաղաքի փողոցներում կրճատվել է թափառական շների քանակը, իսկ մյուս կողմից էլ` այդ շները կյանքում իրենց տեղն են գտել: Նրանք կծառայեն հանրային բարօրությանը եւ կապահովեն քաղաքացիների անվտանգությունը:




























