Իտալիայի կառավարությունը մտադիր է վաճառել Մեծ ինկվիզիտորի վիլլան, Հռոմի պապի ամրոցը եւ վենետիկյան ծովածոցի կղզիներից մեկը՝ պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու համար: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ մոտ 50 տեսարժան վայրերի վաճառքը պետական գանձարանը կհամալրի 500 մլն եվրոյով:
Պետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը մասնավոր հատվածին վաճառելու նպատակն է բյուջեի դեֆիցիտը 2013թ. պահպանել ՀՆԱ-ի 3%-ից ոչ բարձր մակարդակում, ինչպես որ պահանջում է ԵՄ-ն: Բացի զուտ եկամտից, կառավարությունը հույս ունի, որ առանձնատները եւ ամրոցները ռեստորանների, թագարանների եւ հյուրանոնցերի կվերածվեն, որը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծել, հաղորդում է Russia Today-ը:
Ըստ Corriere della Serra-ի` այս տարի վաճառքի ենթակա պետական ունեցվածքի շարքում է Հռոմի արվարձանում գտնվող Օրսինիի ամրոցը, որը կառուցվել էր Նիկոլայ III պապի համար` 1270-ականներին: XIX դարի կեսերից մինչեւ 1989թ. այն որպես բանտ է օգտագործվել: Տեղի բնակիչները պատմում են, թե իբր ամրոցում ուրվականներ կան: Նախատեսվում է վաճառել նաեւ Միլանից ոչ հեռու գտնվող Միրաբելա վիլան, որը կառուցվել է XVIII դարում՝ Մալթայի հռչակավոր ինկվիզիտոր Դուրինի կարդինալի կողմից:
Վենետիկի ծովածոցում ներդրողները կարող են ձեռք բերել Սուրբ Հակոբ կղզին, որը XI դարում վարդապետների ապաստարան էր: Նախորդ դարում այն ռազմակայանի էր վերածվել, իսկ 1961թ. լքվել էր եւ ամայացել:





























