Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով, այցը կայացել է այսօր՝ հոկտեմբերի 14-ին: Այցի ընթացքում կայացել է ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Միայն 12 օր անց Կարմիր Խաչին հաջողվել էր առաջին անգամ հանդիպել հայ ռազմագերուն: