Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Բրյուսել քաղաքում մասնակցել է Բելգիա-Հայաստան առեւտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանին եւ հանդիպել բելգիացի մի խումբ գործարարների հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի եւ նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ՝ Բելգիան դիտարկելով որպես քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ եւ բարձր բիզնես կուլտուրա ունեցող երկիր, որի հետ փոխգործակցությունը օգտակար կլինի ինչպես մեր երկրի, այնպես էլ Բելգիայի գործարար շրջանակների համար` հաշվի առնելով Արցախում գործող լիբերալ հարկային դաշտը, էժան եւ որակյալ աշխատուժի եւ հարուստ բնական պաշարների առկայությունը, բնակչության կարգապահ եւ օրինապաշտ լինելը:

Արցախի տնտեսական ներուժի եւ ներդրումային ծրագրերի մասին համապատասխան ներկայացումով հանդես է եկել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: