Յուրաքանչյուր հասարակություն բնութագրվում է թույլերի՝ ծերունիների, հիվանդների ու կենդանիների հանդեպ վերաբերմունքով: Ցավոք սրտի, Հայաստանում իրավիճակը, կապված թափառաշրջիկ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի հետ, շարունակում է ծանր մնալ:
Կենդանիներին կարելի է տարբեր կերպ վերաբերվել: Ոմանք կարող են սիրել ու կերակրել, ինչպես NEWS.am-ի թղթակիցներն են վարվում: Ոմանք կարող են չսիրել ու անտարբեր անցնել: Սակայն պետք է գիտակցել. ոչ ոք իրավունք չունի զրկել կյանքից, առավել եւս տանջել ու կեղեքել կենդանի էակներին: Հավատացյալներին հիշեցնեմ՝ նրանք Աստծո արարչագործություններն են: Անհավատներին ուղղակի կասեմ. ամեն կենդանի էակ ապրելու նույնքան իրավունք ունի, որքան այս տողերի ընթերցողը:
Կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական ցայտուն դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Շենգավիթ թաղամասի բակերից մեկում: Ամենայն հավանականությամբ, առանց ուշադրության մնացած երեխաները քարերով ծեծել էին կատվի փոքրիկ ձագերին: Դրանցից մեկի մարմինը պատկերված է լուսանկարում:
Կատվի աչքը հանած է, կողքին արյունոտ քար, որով, հավանաբար, սպանել էին անպաշտպան կենդանուն: Ստիպված չենք խոսել այս մասին հետաքրքությամբ պայմանավորված մանկական դաժանության ենթատեքստով: Ինչպիսի՞ վիժվածք պետք է լինել, որպեսզի «հետաքրքությունը բավարարել»՝ տեսնելով, թե ինչպես է արյունաքամ լինում փոքրիկ էակը:
Անչափահաս ու չափահաս մորթազերծ անողների «խղճին» նման մեկ սպանություն չէ, որ ծանրացել է: Անձամբ եմ տեսել այրված փոքրիկ շան ձագի մարմին, նման մի քարով ծեծած կատվի ու շան փոքր ձագուկներ: Նույնիսկ մահից հետո նրանց փոքրիկ դեմքին դրոշմված է սարսափն ու տանջանքը:
Ակամայից հարց է ծագում. ի՞նչ տեսակ մարդ կդառնա այդ փսլնքոտը, ով ուրիշի ցավից հաճույք է ստանում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր սերիական մարդասպաններն ու մոլագարները սկսել էին թափառաշրջիկ կենդանիներից: Եթե այս վայրագությունը չափահաս մարդու ձեռքի գործ է, հասարակությանն ինչպիսի՞ վտանգ է սպառնում այդ դեպքում:
Մեծ ցավով ու հիասթափությամբ պետք է արձանագրենք պատասխանատու իշխանությունների ծայրահեղ չնչին ջանքերը խնդրի լուծման ուղղությամբ: Գրեթե չեն իրականացվում օրենսդրությամբ սահմանված դրույթները կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Ավելին, քաղաքապետարանի թույլտվությամբ թափառող շների համակարգային ոչնչացումը անուղղակիորեն նպաստում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքին: Ցանկացած քաղաքակիրթ երկրում արդեն վաղուց հիմնել են հատուկ կացարաններ, երեխաներին սովորեցնում են լինել բարի: Իսկ մեզ մոտ շարունակում են ոչնչացնել:
Ինձ կարող են հակադարձել, թե քաղաքային իշխանությունները միջոցներ չունեն նման կացարան հիմնելու համար, որ իրավապահ մարմինները զբաղված են ավելի լուրջ հարցերով: Ի՞նչը կարող է լինել ավելի կարեւոր, քան երեխաների դաստիարակությունը: Մարդ դաստիարակելու համար կարելի է ու անհրաժեշտ է միջոցներ տրամադրել:
Ո՞ւմ ենք մենք նմանվում: Ո՞ր վայրենի ցեղին: Նույնիսկ հարեւան Ադրբեջանում, որին նմանվելու ոչ մի ցանկություն չկա, շանը մահացու ծեծի ենթարկած անչափահասներին վարչական պատասխանատվության են ենթարկել:
Շատ ենք ցանկանում հուսալ, որ լիազոր մարմինները կարձագանքեն ու այս ազդանշանը չեն թողնի առանց ուշադրության: Հակառակ դեպքում հասարակությունը դարձյալ կհայտնվի մի իրավիճակում, երբ անպատժելիությունը նոր հանցանք է ծնում:
Մարիամ Լեւինա






























