Հայաստանում Լեհաստանի դեսպանատան կայքում հրապարակվել է Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի եւ Կարլ Բիլդտի համատեղ հոդվածը` նվիրված Արեւելյան գործընկերությանը:
Ստորեւ ներկայացնում ենք այն, որտեղ անդրադարձ կա նաեւ հայաստանին.
«2008թ-ի գարնանը Շվեդիան եւ Լեհաստանը նախաձեռնեցին Արեւելյան գործընկերությունը` Եվրոպական միության հավակնոտ մի քաղաքականություն` ուղղված Արեւելյան Եվրոպական վեց հարեւաններին, ովքեր ցանկանում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ:
Հիմա` հինգ տարի անց, Արեւելյան գործընկերության երրորդ` Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ, մենք եւ մի շարք շվեդ եւ լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսում ենք մի համատեղ այց` դեպի Արեւելյան գործընկերության բոլոր մայրաքաղաքներ` Քիշնեւ, Կիեւ, Թբիլիսի, Երեւան, Բաքու եւ Մինսկ:
Առաջին ուղերձը, որ մենք բերում ենք, վերաբերում է այն ամենին, ինչն արդեն իսկ ձեռք է բերվել. մենք ավարտել ենք Ասոցացման Համաձայնագրերի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի տարածության վերաբերյալ աշխատանքը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, որոնք ստորագրվելուց հետո կբերեն ԵՄ-ի հետ առավել լայն եւ խորը համագործակցության: Մենք ստորագրել ենք Վիզաների դյուրացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր, ամենավերջինը` Հայաստանի հետ: Երկու դեպքում էլ տեսել ենք տեսել ենք նշանակալի առաջընթաց բարեփոխումների եվրոպական օրակարգի հարցում: Չնայած աշխատանքի մեծ մասը չոր տեքստերի շուրջ բանակցություններ եւ բյուրոկրատական չափանիշների համապատասխանեցում էր, մենք քայլ առ քայլ բացել ենք շատ իրական դռներ առեւտրի եւ ճամփորդության համար:
Մեր երկրորդ ուղերձն այն մասին է, թե ինչ է պետք անել, որպեսզի Արեւելյան գործընկերության ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Դրան հասնելու համար մենք համատեղ արժեքների հանդեպ մեր գործընկեր երկրների առավել ուժեղ հանձնառության կարիքն ունենք: Մենք նաեւ պետք է հասարակության բոլոր հատվածների ջանքերը կենտրոնացնենք` նոր հնարավորություններից լիովին օգտվելու համար: Իրական վերափոխումը տեղի կունենա միայն այն երկրներում, որոնք որոշում կկայացնեն հօգուտ փոփոխության:
Մենք հստակորեն պահանջում ենք Բելառուսից ազատ արձակել իր քաղաքական բանտարկյալներին եւ կոչ ենք անում մեր գործընկերներին հեռու մնալ ընտրողաբար արդարադատության կիրառումից: Մենք մտահոգված ենք ժողովրդավարության հետնահանջով: Դեռ սպասում ենք, որ Ուկրաինան` այս գործընկերության առաջամարտիկը, վերջնական քայլ կկատարի, ինչը թույլ կտա ԵՄ-ին ստորագրել Ասոցացման Համաձայնագիրը Վիլնյուսում:
Որպես Արեւելյան Եվրոպայի հաճախակի այցելուներ` գիտենք, որ այս բաներից որոշները հեշտ չեն: Այն, ինչ խնդրում է ԵՄ-ն ներառում է զոհողություններ, եւ որոշ դեպքերում նույնիսկ կորուստներ: Միաժամանակ մենք խորապես համոզված ենք, որ ձեռբերումներն ավելի մեծ են, իսկ ջանքեր գործադրելն արդարացված:
Բոլոր հետազոտություններն ու ամբողջ փորձը ցույց են տալիս, որ Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերությունները ժամանակի ընթացքում նշանակալի տնտեսական օգուտներ են բերում:Մենք սա տեսել ենք այն երկրներում, որոնք միացել են ԵՄ-ին 2004թ-ին, երբ օրինակ Լեհաստանի առեւտուրը Շվեդիայի հետ համարյա կրկնապատկվեց անդամակցությանը հետեւած մի քանի տարիների ընթացքում: Մենք սա տեսել ենք Թուրքիայում, որի տնտեսական հրաշքը հիմնված է ԵՄ-ի հետ սերտ տնտեսական համագործակցության վրա: Եվ համոզված ենք, որ կտեսնենք դա նորից Արեւելյան եվրոպական գործընկեր երկրներում, որոնք կստորագրեն ԵՄ-ի առաջարկած նոր համաձայնագրերը եւ ամբողջությամբ կօգտվեն դրանցից:
ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրացիան բարեփոխումների համար ամուր հիմք կապահովի: Օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ-ի acquis-ին (Միության միասնական իրավական ժառանգությունը) կարող է հիասթափեցնող լինել, սակայն երկիրը երկրի հետեւից ցույց են տվել, թե դա ինչպես է օգնել բարգավաճմանը, եկամուտների ավելացմանը եւ սովորական քաղաքացիների կյանքերի բարելավմանը: ԵՄ-ն, իհարկե, պատրաստ է օժանդակել: Միայն 2013թ-ին գործընկեր երկրների համար հատկացվել է 600 միլիոն եվրո, եւ ինչքան ավելի շատ կլինեն բարեփոխումները, այնքան ավելի կմեծանա օժանդակությունը:
Այս քայլերից որեւէ մեկն ուղղակի ալտրուիզմ չէ կամ զրոյական գումարով խաղի մի մաս: Կայուն, բարգավաճող եւ անվտանգ երկրները լավ հարեւաններ են ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանի նման երկրների համար: Մեր այցի ընթացքում կվերահաստատենք ամուր համերաշխությունն այն գործընկերների հետ, ում հանդեպ կիրառվում են անհեռատես արտաքին ճնշումներ ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիան կասեցնելու համար:
Հուսանք, որ Վիլնյուսի գագաթնաժողովը կլինի ձեռբերումների գագաթնաժողով: Միաժամանակ այն կնշանավորի ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ ավելի խորը ինտեգրացիայի սկիզբը: Սա լավ է մեզ բոլորիս համար: Չնայած, որ մենք հավատում ենք, որ ԵՄ-ի դուռը պետք է բաց մնա ցանկացած եվրոպական երկրի համար, որը կցանկանա միանալ եւ կհամապատասխանի բոլոր չափանիշներին, այնուամենայնիվ, այս այցի ընթացքում մեր ուղերձը չի լինի մի վերացական խոստում, այլ քայլեր ձեռնարկելու գործնական քաջալերում:
Մինսկից հյուսիս-արեւմուտքում մինչեւ Բաքու հարավ-արեւելքում, բոլորը պետք է հասկանան, որ ապագան որոշվելու է այդտեղ, ոչ թե Վարշավայում, Ստոկհոլմում կամ Բրյուսելում: Արեւելյան գործընկերության երկրների համար կա պարզ տրամաբանություն. ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունների խորությունը վերջիվերջո սահմանվելու է ոչ այլ ինչով, քան իրենց հանձնառության խորությամբ: Ինչքան ավելի հավակնոտ է եվրոպական բարեփոխումների օրակարգը, այնքան ավելի հավակնոտ է եվրոպական ինտեգրացիայի ուղին, եւ այնքան ավելի իրատեսական է իրապես ամբողջական եւ ազատ Եվրոպա ունենալու մեր տեսլականը»:





























