Հայ ֆերմերների միության նախագահ,  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը`  Ռոզա Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարական տալ:  Այս մասին Գագիկ Ծառուկյանի մայրն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Ոչ, ոչ, ոչ, ոչ, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Հայտարարությունս ուժի մեջ չի: Համագումար եմ հրավիրելու եւ համագումարում կորոշվի: Ամբողջ Եվրոպան գիտի իմ աշխատանքի մասին, թե ինչ աշխատանք եմ անում Հայաստանի ֆերմերների համար, ինչի՞ պետք է հրաժարվեմ»,- ասաց Ռոզա Ծառուկյանը: Նա կարծիք հայտնեց, որ իր հրաժարականը հնարավոր է միայն մարզպետներին գոհացնի եւ հիմնավորեց. «Ինձ անընդհատ զանգում, ասում են՝ ի՞նչ հրաժարական , ո՞վ է քեզ թույլ տալիս, որ դու հրաժարական տաս: Ամբողջ ռեսպուբլիկայով հարցում արեք, տեսեք՝ իմ հրաժարականը ո՞ւմ է ձեռնտու: Ամբողջ մարզպետներին, գյուղվարչության պետերին զանգեք, հարցրեք՝ Ծառուկյան Ռոզան ասեց, որ ուզում է  հրաժարական տալ: Մարզպետները, իհարկե, կասեն, ճիշտ է անում, թող գնա, մեծ կին է: Կդնեն նրան, ում իրենք ցանկանում են»: Միաժամանակ  ավելացրեց, որ իր դեմ ոչ ոք չի գործում, պարզապես  նեղված է եղել, արտահայտվել է, որը մեծ աղմուկ է բարձրացրել: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոզա Ծառուկյանը հրաժարական կտա Հայ ֆերմերների միության նախագահի պաշտոնից: Այդ մասին Ռ. Ծառուկյանը հայտարարել էր հոկտեմբերի 20-ին՝ գյուղաշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որի ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրել էր մի շարք ֆերմերների: «200 մլն Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, մի հատ վկայական տային իրա գործարանի տնօրենին, որ այստեղ ներկայացված է... շատ վիրավորված եմ: Այդ ո՞ր մայրը լինի, որ չվիրավորվի, եթե որդին կարող է 200 մլն նվիրի կարկտահարված մարզին, ու մի հատ վկայականի չարժանանա՞, այդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի, թեեւ ինձ ասում են՝ լռի, վերեւում Աստված բարի է: Մեռնեմ Աստծուն»,- հայտարարել էր  Ռ. Ծառուկյանը: Հայտնել էր նաեւ, թե  առաջիկայում հրավիրելու է ֆերմերների միության համագումար, ու հրաժարական է տալու: «Բազմաթիվ ֆերմերներ պարգեւատրվեցին, որոնց մասին առաջին անգամ լսեցի: Ես իմ շքեղ ազգանունով դուրս կգամ, թող գան նստեն այնպիսի մարդիկ, որոնց ընդունում են... պետք էր մեզ հետ քննարկեին.. մի հատ մեդալ են ինձ տվել իմ ղալմաղալից հետո, լաց եմ եղել, ասել եմ՝ ինչո՞ւ եք ինձ նսեմացնում, երբ 15 տարի ես ֆերմերների միության մեջ եմ եղել, 3 տարի նախագահն եմ: Հիմա անտեսված ենք, անցյալ տարի նստած էի վերջին շարքում, հիմա ապշած եմ, որ այստեղ եմ նստած (տիկ. Ռ. Ծառուկյանը համաժողովի ընթացքում նստած էր նախագահությունում,-խմբ)»,-իր վրդովմունքը չէր կարողացել  թաքցնել Ռ. Ծառուկյանը: