Մարտի 28-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /ՌԴ/, Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ առանց Արցախի հանրապետության լիիրավ մասնակցության՝ անհնարին է հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ մոտեցումներն ու փոխվստահության նախաձեռնությունների շարունակական մերժումը հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտներն են: Նա կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության առարկա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Բակո Սահակյանը կրկին անգամ հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ասվել է, որ հակամարտության կարգավորման ուժային ցանկացած տարբերակ բացարձակապես անընդունելի է։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նախագահը նշել է, որ այդ գործընթացը որևէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ եւ նրանք մեկը մյուսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական են ազդեցություն են թողնում երկու գործընթացների վրա էլ՝ նրանց տանելով փակուղի:
Քննարկվել են նաև շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:




























