«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը մարտի 26-ին Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) գրասենյակում կազմակերպել էր հերթական Կլոր սեղանը Վաշինգտոնում տեղի ունեցած «Սփյուռք-Հայաստան, անկախության 20 տարի» քաղաքական խորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ:
Միջոցառման բանախոս, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ով մասնակցել էր խորհրդաժողովի աշխատանքներին, ներկայացրել է վաշինգտոնյան հանդիպումների եւ խորհրդաժողովի ընթացքում մի շարք զեկույցների մասին իր տպավորություններն ու նկատառումները:
Վաշինգտոնյան խորհրդաժողովի մասնակիցները տեսակետ են հայտնել, որ ՀՀ իշխանություններին անվերապահ աջակցություն ցուցաբերելու արտերկրի հայության մի մասի որդեգրած դիրքորոշումը նպաստել է Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը՝ միաժամանակ փաստելով, որ ժողովրդավարական սկզբունքները նույնքան կարևոր են և անհրաժեշտ ավանդական կուսակցությունների, ազգային և հասարակական կազմակերպությունների գործունեության համար:
Կլոր սեղանի մասնակիցները կարծիքներ են հնչեցրել այն մասին, որ մարտիմեկյան ողբերգությունը եւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դարձան պատճառ արտերկրում բնակվող հայությանը երկարատև թմբիրից արթնանալու համար, որի արդյունքում կարող են ծնվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սպասարկման համար նոր ձևափաչեր:
Իրողությունները վկայում են, որ և արտերկրում և Հայաստանում առկա քաղաքական դաշտում ավանդական կուսակցությունների մենաշնորհը վաղուց իրեն սպառել է, և առաջացել է անհրաժեշություն նոր ձևաչափերով ազգային-քաղաքական կազմավորումների առաջացմանը:




























