ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը բավական լուրջ է, որի պատճառով անհրաժեշտություն է առաջացել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեն տարածաշրջան: Մարտի 28-ին Ստեփանակերտում նման տեսակետ է հայտնել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Նշենք, որ ԼՂՀ ղեկավարության հետ համանախագահների հանդիպումը տեւել է մոտ 1,5 ժամ, որից հետո նրանք նշել են, որ հանդիպումը բովանդակալից էր: Յուրի Մերզլյակովի խոսքով, տարվա վերջին համանախագահների կողմից առաջ քաշված առաջարկությունների համաձայնեցման գործընթացն ընթացքի մեջ է:

Ռուս համանախագահն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ` բացի 4 կետերից: Նրա խոսքով, հայկական կողմն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ, բայց իրենք հակված չեն բարդացնել իրավիճակը: «Ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում` ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի», — նշել է Մերզլյակովը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ժամանում են Հայաստան եւ հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: