Շիրակի մարզի Առափի գյուղի առանձին հատվածներում ակտիվացել են սողանքային երեւույթները, ինչի հետեւանքով փակվել է գյուղամիջյան փողոցներից մեկը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ համայնքի հյուսիս-արեւմտյան հատվածում սողանքի ակտիվացման եւ գրունտային ջրերի բարձրացման հետեւանքով գյուղին հարակից սարի լանջից պոկվել է մոտ 600 խմ ծավալով հողային զանգված եւ փակել գյուղամիջյան ճանապարհը:

Առկա է սողանքի ակտիվացման վտանգ, որը սպառնում է մոտակա տան օժանդակ շինությանը:

Համայնքի ուժերով ճանապարհից մաքրվել է մոտ 200 խմ ծավալով հող:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ սարի լանջից հոսող ջրերը մոտակա սելավատարն ուղղորդելու նպատակով: