Հայաստանը թերագնահատեց իրավիճակը, որը ստեղծվեց սեպտեմբերի 3-ից հետո. անհրաժեշտ էր եվրոպական կառույցների ու հասարակության հետ ծավալուն աշխատանք տանել, որպեսզի հնարավոր լիներ բացատրել իրավիճակն ու այն ընդունելի դարձնել: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով, վերջին ժամանակներում տեղի են ունենում բավական ակտիվ գործողություններ երկու ուղղություններում. խոսքը ինտեգրացիոն գործընթացների մասին է Եվրոպայի ու ԱՊՀ շրջանակներում:

«Եվրոպայում ընդունված փաստաթղթերից կարելի է առանձնացնել երկու ուղղություն. առաջինը Եվրախորհրդարանի հայտնի բանաձեւն է, որը քննարկման առիթ տվեց հատկապես Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, իսկ մյուսը Եվրամիության «Արեւելյան համագործակցության» գագաթաժողովն է Վիլնյուսում»,- նշել է Կարեն Բեքարյանը:

Փորձագետի խոսքով՝ Եվրախորհրդարանի բանաձեւը Հայաստանում կտրուկ արձագանք ստացավ: «Հիշեցնենք, որ բանաձեւում առաջ էր քաշված «ԱՀ» մի երկրի տարածքների բռնագրավման մասին խնդիրը մյուս պետության կողմից, ինչպես նաեւ նշված էր ԼՂՀ հարցում ՄԱԿ ԱԽ բանաձեւը հետեւելու անհրաժեշտությունը»,- հայտնել է փորձագետը: Նման փաստաթղթի ընդունումը պայմանավորված էր երեք գործոնով. առաջին գործոնն ադրբեջանական լոբբի ազդեցությունն էր, որն ուղղված է Ադրբեջանում նախագահական ընտրությունների գնահատման մեղմացմանն ու լեգիտիմացմանը: Մյուս գործոնը հավասարակշռման քաղաքականությունն է. մի կողմից ընտրությունների խիստ գնահատական, մյուս կողմից Ղարաբաղի հարցում հավասարակշռության պահպանում: Երրորդ գործոնը սեպտեմբերի 3-ից հետո դասավորված իրավիճակն է եվրոպական կառույցների հետ:

 «Չունենալով իրավական ուժ՝ նման փաստաթղթերը, այնուամենայնիվ, ստեղծում էն որոշակի քաղաքական ֆոն: Մենք թերագնահատեցինք սեպտեմբերի 3-ին հաջորդող իրադարձությունները: Անհրաժեշտ էր ծավալուն աշխատանք տանել եվրոպական կառույցների, առանձին երկրների խորհրդարանների ու եվրոպական հասարակության հետ, որպեսզի հնարավոր լիներ բացատրել իրավիճակն ու ընդհանուր հայտարարի գալ»,- ընդգծել է փորձագետն ու հավելել, որ անհրաժեշտ է արդյունավոտ օգտագործել գոյություն ունեցող գործիքները անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի մտադրության մասին անդամակցելու Մաքսային Միությանը: