Ալբանիայի ԱԳ նախարար հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության սահմաններում կարգավորելու լուծելու անհրաժեշտության մասին, պետք է դիտարկել Հայաստանի՝ «Արեւելյան գործընկերության» մեծ գործընթացից դուրս գալու համատեքստում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա համոզմամբ՝ Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի դիրքերը Եվրոպայում թուլացան: «Մենք մեծ գործընթացի մեջ էինք, որը կոչվում էր «Արեւելյան գործընկերություն», իսկ հիմա մենք դրանից դուրս ենք եկել, նշանակում է մեր դիրքերը այլ հարցերում, այդ թվում ղարաբաղյան, կթուլանան»,-նշեց փորձագետը:

Գրիգորյանը հավելեց, որ այդ մասին է վկայում Եվրախորհրդարանի վերջին բանաձեւը, որտեղ կան որոշ ձեւակերպումներ, որոնք այնքան էլ չեն բխում Հայաստանի շահերից, մասնավորապես, որ «Արեւելյան գործընկերության» անդամ մի երկիրը չի կարող գրավել այլ երկրի տարածքը:

«Սա հենց մեր արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության հետեւանքն է: հետագայում առանձին եվրոպական երկրներ նույնպես նմանատիպ հայտարարություններ կանեն: Ալբանիան առաջին դեպքն էր, բայց ոչ վերջինը, դա շարունակվելու է»,-կարիք հայտնեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմնակիցների եւ բարեկամների թիվը կտրուկ նվազել է:

Նշենք, որ Ալբանիայի կառավարությունը, ի դեմս արտգործնախարար Դիտմիր Բուշատիի, հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությամբ՝ աջակցելով ղարաբաղյան հարցի միայն խաղաղ ճանապարհով լուծմանը՝ միջազգային իրավունքի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում՝ կոչ անելով Հայաստանին իր զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանից «օկուպացված» տարածքներից: