«Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն, ամենայն հավանականությամբ, չի մտնի ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստ»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, օրինագիծը Կոնգրեսի լիագումար նիստում չի քննարկվի, իսկ ԱՄՆ նախագահ Օբաման էլ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ելույթում կարտասանի Մեծ եղեռն եզրույթը։
Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այս հարցում համակարծիք գտնվեց Ռուբեն Մելքոնյանի հետ. «Այս խնդիրը ԱՄՆ Կոնգրես չի մտնի, իսկ թե ի՞նչ կարտասանի Օբաման, էական չէ այն առումով, որ նա, ըստ էության, Ցեղասպանության խնդիրը չի դնի որպես պաշտոնական ճանաչման գործընթաց, որովհետեւ դրանով նա կարող է կանգնեցնել հայ-թուրքական գործընթացի դե յուրե շարունակվող վիճակը»,- ընդգծեց քաղաքագետը՝ քիչ հավանական համարելով նաեւ Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը. «Իսրայելը եւս չի ճանաչի Ցեղասպանությունը, թեպետ այդ երկրի պետական շրջանակներն այս խնդիրը ակտիվորեն խաղարկում են իբրեւ Թուրքիային ճնշելու միջոց»,- կարծիք հայտնեց Ե. Բոզոյանը՝ Իսրայելի այդօրինակ քայլը բացատրելով թուրք-իսրայելական հարաբերությունների վատացմամբ, որը, նրա խոսքով, լրջորեն մտահոգում է Իսրայելին։ «Այնուամենայնիվ, Իսրայելն այդ ռուբիկոնը չի անցնի»,- ամփոփեց նա։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ ավելացրեց, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կվերածվի Թուրքիայի հետ «քաղաքական առեւտրի դասական սցենարի» եւ ամենահարմար պահին կօգտագործվի Թուրքիայի դեմ։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ձայների 23 կողմ եւ 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։




























