Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր՝ մարտի 29-ին կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին:

Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ»:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել է մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի: