34 մլն դոլարի ներդրումները թույլ կտան մինչեւ 2020թ. 38.3 մլն խմ կենսագազ ստանալ: Այս մասին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպված «Բնապահպանություն-Տնտեսություն-Հասարակություն» միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է «Մաքուր էներգիա» ՀԿ-ի նախագահ Վահե Դավթյանը:
Ըստ նրա՝ դա իր հերթին թույլ կտա կանխել մեթանի արտանետումը մթնոլորտ: Վերջին հանգամանքը հատուկ արդիականություն է ստանում կապված այն փաստի հետ, որ մեթանը ջերմոցային էֆեկտի վրա СО2-ից շատ ավելի ուժեղ է ազդում. այն մթնոլորտում մնում է 12 տարի: «Այդ պատճառով մեթանի որսումը գլոբալ տաքացման դեմ պայքարի կարճաժամկետ միջոցներից է», - նշել է Վ. Դավթյանը:
Հայաստանում կենսագազի ամենաառաջին սարքավորումը, արեւային ջրատաքացուցիչների համակարգով հանդերձ, ստեղծվել էր 1998թ. Ապարանի ոչ մեծ ֆերմաներից մեկում՝ «VISTAA» փորձագիտական կենտրոնի աջակցությամբ:
Համանման սարքեր, բայց առանց արեւային կոլեկտորների, ստեղծվել էին նաեւ Եղվարդում եւ Բաղրամյան գյուղում: Հայաստանում կենսագազի խոշորագույն սարքավորումը գտնվում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայում:
Կենսագազից էներգիա ստանալու հիմնական գործող կոմերցիոն ծրագիրը կարելի է համարել Նուբարաշենի աղբավայրի ներուժի գնահատման ծրագիրը: Վերջին 50 տարում այնտեղ արդեն մոտ 10 մլն տոննա աղբ է կուտակվել, ամեն օր այնտեղ տարվում են 420-450 տոննա չմշակված կենցաղային թափոններ:
2001թ. ճապոնական «Շիմիձու» ընկերությունը ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ ձեռնամուխ էր եղել CDM (Clean Development Mechanism – Մաքուր զարգացման մեխանիզմ) սխեմայով մի շարք ծրագրերի իրականացմանը: Դրանցից մեկը Նուբարաշենի աղբավայրից մեթանի ստացումն ու այն էներգետիկ նպատակներով օգտագործումն էր: Ծրագրի իրագործման համար ներգրավվել էին ճապոնական երեք ընկերություններ՝ ««Շիմիձու»», «Հոկայդո Էլեքթրիք Փաուեր» եւ «Միցուի»:
Սակայն, չնայած 8 մլն դոլարի ներդրումներին, ծրագիրն առայժմ սառեցված է:





























