Հայաստանի ավելի քան հինգ հազար քաղաքացիներ են միացել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը՝ որպես համահայցվոր դատարան դիմելու՝ գազի սակագնի բարձրացման որոշման դեմ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, այս պահին ընթանում է հայցերի ամփոփումը, եւ հինգ հազարը վերջնական թիվ չէ ու կավելանա ամփոփման արդյունքում:

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում հայցը ներկայացնել վարչական դատարան, Արման Մուսինյանը պատասխանեց, որ ըստ հայաստանյան օրենսդրության, որոշումն ուժի մեջ մտնելուց՝ այսինքն ապրիլի 1-ից հետո, մեկ շաբաթվա ընթացքում հայցը կարող է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ 1 խմ գազի գինը շարքային սպառողների համար 96-ից 136 դրամ դարձնելու խնդրանքով, սակայն ՀԾԿՀ-ն որպես գազի սակագին սահմանեց 132 դրամը, ինչը ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից: Հայ ազգային կոնգրեսը հայց է պատրաստել «Հայռուսգազարդի» դեմ, որին որպես համահայցվոր միացել են նաեւ մի քանի հազար քաղաքացիներ: