Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայարաններում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները, որոնց զոհ գնացին տասնյակ մարդիկ, հնարավոր է իրականացվել է արտասահմանից աջակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով գտնվում է Կանադայում եւ հանդիպումներ է ունենում «Մեծ ութնյակի» ԱԳ նախարարների մակարդակով:
«Ես դա չեմ բացառում, ոչինչ բացառել չի կարելի»,- ասել է նա, հավելելով, որ գիտի, որ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին գոյություն ունի այսպես կոչված «ոչ մեկին չպատկանող տարածք»: Նախարարը հստակեցրել է, որ այդ տարածքում «ակտիվորեն ահաբեկչական ընդհատակյա գործունեություն է ծավալվում»:
«Մենք գիտենք, որ այդտեղ շատ ահաբեկչություններ են ծրագրվում, ոչ միայն Աֆղանստանում, այլ նաեւ այլ երկրներում: Երբեմն այդ ուղիները բերում են Կովկաս»,- ընդգծել է Լավրովը, ավելացնելով, որ պետք է դադարել թեթեւորեն նայել ահաբեկչության դեմ պայքարի հարցում ուժերը համակարգելու կարեւորությանը: «Վստահ եմ, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրներին, որոնցից մեկը թմրամիջոցների տրաֆիկն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լյուբլյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում որոտացել են հզոր պայթյուններ, որոնց զոհ է գնացել 38 մարդ, ավելի քան 70 հոգի վիրավորվել են: Ահաբեկչությունն իրականացրել են մահապարտ կին ահաբեկիչները:




























