Մարտի 29-ին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույնանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ քարտուղար Լարիսա Ալավերդյանը հյուրընկալել են Շվեդիայի խորհրդարանի` Ռիգստագի հայազգի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին եւ նրա ամուսնուն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգության» գրասենյակից, հյուրերին է ներկայացվել կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունը, հաջողություններն ու ձախողումները մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կառավարությանը հաշվետու դարձնելու եւ այլ ոլորտներում:
Դինգիզյանին մասնավորապես հետաքրքրում էր ոչ միայն «Ժառանգության» կողմից քաղաքական, սոցիալ-տնտեսական իրականության ու խնդիրների ախտորոշումը, այլեւ այն գործիքները, որոնցից օգտվում է նա՝ առաջադրված խնդիրները լուծելու համար: Ընդդիմադիր պատգամավորները Հայաստանի քաղաքական համակարգի համար գերխնդիր են համարել մարդու հիմնարար ազատությունների ապահովումը, որտեղ խախտվում են անհատականից մինչեւ խմբային իրավունքները:
Հանդիպման վերջում տիկին Դինգիզյանը հակիրճ ներկայացրել է վերջերս Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման եւ այդ խնդրով խորհրդարան-կառավարություն դեռեւս անավարտ հակամարտության մանրամասներ:




























