Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը միացել է կանանց ֆուտբոլի մասին քննարկմանը:

Twitter-ի իր միկրոբլոգում դեսպանը գրել է, թե իր 4 դուստրերն ու որդին ֆուտբոլ են խաղում՝ նկատելով, որ ֆուտբոլը նրանց զարգացման կարեւոր մասն է:

«1991 եւ 1999թթ. Աշխարհի առաջնություններում ԱՄՆ կանանց հավաքականի հաղթանակները ազգային հպարտության աղբյուր էին: ԱՄՆ օրենքները՝ տղաների եւ աղջիկների հավասար ֆինանսավորման մասին, նպաստում են կանանց սպորտի ահռելի զարգացմանը: Դա հիմնական պատճառներից է, որ ԱՄՆ մարզուհիները շատ բանի են հասնում Օլիմպիական խաղերում եւ միջազգային մրցաշարերում»,- գրել է Հեֆերնը:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին կայացած ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե իր ուշադրության կենտրոնում միայն տղամարդկանց ֆուտբոլն է: Նա ասել էր, թե «ոչ մի հայ տղամարդ իր դստերը ֆուտբոլի չի տանի», իսկ եթե հայ տղամարդն ու կինը հավասար լինեն, «տղամարդը կդադարի հայ լինելուց»: