Փողն իհարկե, օգտակար է, բայց այն կարող է նաեւ չարիք դառնալ, երբ պետությունը չգիտի, թե դրսից բերած փողերը որտեղ ծախսի: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Հնարավորինս շատ փող երկիր բերելու այն անհագ ցանկությունը, որ ցուցաբերեց կառավարությունը, արդարացված չէր: Եթե այդ փողերը բերում էին բյուջեի ճեղքերը փակեին, ապա այդ փողը մեզ պետք չէր: Եթե բերում էին բարձր տոկոսադրույքներով, ինչպիսին ռուսական վարկն է, ապա դա նույնպես մեզ պետք չէր»,- ասաց նա:

Այնուհետեւ անդրադառնալով դրամի արժեզրկմանը, Բ. Ասատրյանը նշեց, որ արժեզրկման համար մոնետար հիմքեր չկան, այսինքն եթե նորմալ դրամավարկային քաղաքականություն իրականացվի, դոլարի գինը շատ չի բարձրանա, քանի որ նման միտում չկա: Սակայն, հասարակությունը դրամի արժեզրկման սպասումներ ունի, չի վստահում վարվող քաղաքականությանը, բացի այդ կան նաեւ ոչ տնտեսական պատճառներ, որոնք բերում են դրամի արժեզրկման ու գնաճի: Դրանցից մեկն էլ գազի թանկացումն է, որը բացառապես վարչական որոշման արդյունք է:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ԿԲ-ն փորձելով զսպել գնաճը եւ փոխարժեքը, շրջանառության մեջ պակասեցնում են դրամի քանակությունը, իսկ դա խոչընդոտելու է տնտեսության զարգացմանը: Ինչ վերաբերում է արտարժութային ինտերվենցիաներին, որն իրականցնում է ԿԲ-ն, Բ. Ասատրյանն ասաց, որ ԿԲ պահուստները դա մեր բոլորի գումարներն են, եւ ոչ ոք իրավունք չունի հենց այնպես քամուն տալ դրանք: