Ռուսաստանը տեղեկատվական սադրանքներ է պատրաստում Լիտվայի եւ Արեւելյան գործընկերության առաջին դեմքերի դեմ: Այս մասին BNS գործակալությանը հայտնել են հանրապետության պետանվտանգության բաժնում:
Այնտեղ ասվում է, որ հարձակման «թիրախներից» մեկը կդառնա հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն. ռուսական կողմն առաջիկայում նրան վարկաբեկող տեղեկություն կտարածի: Մասնավորապես, կհրապարակվեն կեղծված փաստաթղթեր՝ իբր ՌԴ-ի Պետական արխիվում հայտնաբերված, որոնք վերաբերում են նախագահի կենսագրությանը, հաղորդում է DELFI-ն:
Ըստ հատուկ ծառայության՝ հարձակման նախապատրաստմամբ զբաղվում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի՝ արտասահմանյան երկրների մշակութային կապերի հասարակական գործընթացների վերլուծությամբ զբաղվող վարչությունը: Այդ բաժինը ղեկավարում է Եվգենի Ումերենկովը: Բացի դրանից, գործողությանն իբր մասնակցում է գերատեսչության աշխատակից Վ. Սմիրնովը: Ներկայումս արգելված է Սմիրնովի մուտքը երկիր:
Հոկտեմբերի 31-ին Գրիբաուսկայտեն հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են նախապատրաստվող հարձակման մասին: «Ակնհայտ է, որ հիմնական պատճառներից մեկը Եվրամիության խորհրդում մեր հաջող նախագահությունն է եւ, հավանաբար, Լիտվայի էներգետիկ անկախության ձգտումը»,-ընդգծել է նա:




























