Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ նոյեմբերի 1-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի լավ հարաբերություններ ու համագործակցություն եւ շահագրգիռ է Չիլիի հետ եւս ակտիվացնել փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանին կհաջողվի պաշտոնավարման շրջանում զգալիորեն նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը, հատկապես, երբ Հայաստանը եւ Չիլին միմյանց հետ քաղաքական որեւէ խնդիր չունեն, ավելին՝ լավագույնս համագործակցում են միջազգային հարթակներում:
Տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումը: Չիլիի դեսպանի հավաստմամբ, այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են սկսվել:
Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենին՝ ի նպաստ երկու երկրների եւ ժողովուրդների դիվանագիտական առաքելությունն իրականացնելու պատասխանատու աշխատանքում:





























