Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից. դրա մասին վկայում է երկու ամիսների համախառն ներքին արդյունքի 3,1 տոկոս աճը։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Նշելով, որ բյուջեով նախատեսված տարվա 1,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն արդեն իսկ ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել, նա ընդգծեց, որ պետությունն ընթանում է սահմանված ընթացքի գերազանցումով. «Այս տարվա երկու ամիսների կտրվածքով արդյունաբերության ոլորտում, օրինակ, գրանցվել է 9,4 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 2.7 տոկոս աճ, իսկ ահա շինարարության ոլորտում 3 տոկոս անկում ենք ունեցել»,- տեղեկացրեց Գ. Մինասյանը՝ ավելացնելով, որ ուրախալի է հատկապես արդյունաբերության ոլորտում գրանցած առաջընթացը։

Նրա խոսքով, ցուցանիշները բավական հուսադրող են նաեւ արտահանման ոլորտում. «Այս տարվա երկու ամիսների ընթացքում արտահանման ծավալներն աճել են 53 տոկոսով, այն դեպքում, երբ ներմուծումն ավելացել է շուրջ 16 տոկոսով»,- նկատեց ԱԺ պաշտոնյան՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ պատկերն այնքան էլ լավ չէ գնաճի պարագայում. «Եթե առաջին երկու ամիսների ընթացքում մենք ունենք երկու տոկոսի գնաճ, ապա 12 ամսվա գնաճը կազմում է ութ տոկոս»,- տեղեկացրեց նա։

Անդրադառնալով բյուջեի կատարողականին՝ Գ. Միանասյանը շեշտեց, որ նախորդ տարվա տվյալների հետ համեմատած՝ այս երկու ամիսների ընթացքում եկամուտներն աճել են 21 տոկոսով. «Ամենանախնական տվյալներով այս ցուցանիշները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում եւ տարին, հավանաբար, կավարտենք նույն առաջանցիկ տեմպերով»,- հույս հայտնեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Ամփոփելով՝ Գ. Մինասյանը նշեց. «Չնայած որոշ տնտեսագետների պնդումների, թե այս տարի եւս տնտեսական անկում կունենանք, մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ ներկայիս տնտեսական աճի միտումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում»։