Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին կժամանի Երեւան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Աբրահամյանը նաեւ հաղորդել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների վարչակազմերի նախաձեռնությամբ այդ օրերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկազմակերպվի բիզնես-համաժողով, «Դրան կմասնակցեն Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները, ինչպես նաեւ մի շարք ռուսական ու հայկական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու գործարարներ: Ես եւս կմասնակցեմ բիզնես-համաժողովին՝ Ռուսաստանի նախագահի վարչակազմի հրավերով: Ներկայումս աշխատանքներ եմ տանում ռուսական գործարար կողմի հետ»: Աբրահամյանի խոսքով՝ բիզնես-համաժողովի նպատակն է կազմակերպել ու անցկացնել արդյունավետ հանդիպում՝ երկու երկրների բիզնես միջավայրի ներկայացուցիչների միջեւ:
Ի պատասխան այն հարցին, արդյոք հնարավոր է, որ համաժողովի արդյունքում համաձայնության գալ Երեւանում Եվրասիական առեւտրի արդյունաբերական պալատի ստեղծման մասին, Աբրահամյանը ընդգծել է, որ նախատեսվում է շատ հետաքրքիր ու արդյունավետ միջոցառման անցկացում. «Հայկական կողմը մեծ աշխատանք է տարել այդ համաժողովն իրականացնելու համար: Կարծում եմ, որ բիզնես-համաժողովը շատ արդյունավետ կլինի, քանի որ մեծ աշխատանք է տարվել եւ համաձայնագրեր են ստորագրվելու: Ապագայի համար շատ ծրագրեր կան, սակայն նախապես ասել չեմ կարող, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու»:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությանը՝ Աբրահամյանն ընդգծել է, որ այդ համատեքստում հայ-ռուսական բիզնես-համաժողովի անցկացումը կնպաստի Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրվելուն. «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, նախ եւ առաջ, օգտակար կլինի հենց Հայաստանի համար ոչ միայն տնտեսական հարաբերությունների առումով, այլեւ՝ երկրի անվտանգության»:




























