Այն բանից հետո, երբ այրել են Ռուսաստանի դրոշը, Փոթիի (Վրաստանի սեւծովյան ափամերձ գոտում գտնվող նավահանգստային քաղաք) քաղաքապետարանը որոշում է ընդունել հանել մանկական միջազգային «Սպիտակ ճայ» փառատոնի մասնակից բոլոր երկրների դրոշները, որոնք բարձրացված էին քաղաքի կենտրոնում:
Վրացական ոչ կառավարական «Ազատ գոտի» կազմակերպության ակտիվիստները երեքշաբթի գիշերը պոկել են ռուսական դրոշը, դրա վրա բենզին են լցրել ու այրել: «Դա այն երկրի դրոշն է, որը բռնագրավել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- հայտարարել են կազմակերպության շտաբ-բնակարանում, հաղորդում է «Նովստի-Գրուզիան»:
«Փոթիում մեկնարկում է մանկական միջազգային «Սպիտակ ճայ» փառատոնը, որի անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է «Սպիտակ ճայ» ստուդիային: Ինքանակառավարման մարմինը միջամտում է միայն կազմակերպչական հարցերին: Քանի որ դա(դրոշների բարձրացում) նման աղմուկ ու իրարանցում առաջացրեց, ինքնակառավարման մարմինը որոշում կայացրեց հանել մյուս դրոշները»,- հայտարարել է Փոթիի քաղաքապետ Դավիթ Սարսանիան:
«Սպիտակ ճայ» փառատոնը մեկնարկել է Փոթիի Georgia Palace Hotel հյուրանոցում երեքշաբթի օրն ու կշարունակվի մինչեւ նոյեմբերի 10-ը: Փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից ու այլ երկրներից:




























